3 սեպտեմբերի 2012 - 20:32 AMT
ԵՄ-ն ևս քննադատել է Ադրբեջանին` հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու համար

Եվրամիությունը քննադատել է Ադրբեջանին հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու կապակցությամբ:

«Մենք անհանգստացած ենք, որ Ադրբջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով դատապարտվել էր զմահ ազատազրկման` 2004-ին հայ սպային սպանելու պատճառով»,-հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայյու Կասյանչիչը:

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը և անընդհատ կապի մեջ ենք կողմերի հետ` ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Մենք անհանգստացած ենք այն ազդեցությամբ, որը կարող են թողնել այս իրադարձությունները տարածաշրջանի վրա, և կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին զուսպ գտնվել` իրավիճակի էսկալացիայից խուսափելու համար»,-ասել է նա` քննադատելով Հունգարիային` Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ: Նրա խոսքով, ԵՄ առաջնորդներն անընդհատ կապի մեջ են հունգարական իշխանությունների:

«Տվյալ պահին պարզապես տեղեկատվության փոխանակում է տեղի ունենում: Սակայն այս պատմությունը շարունակություն է ունենալու, և, չի բացառվում, որ տվյալ հարցը քննարկվի սեպտեմբերի 4-ին կայանալիք ԵՄ նիստի ժամանակ»,-ասել է Կասյանչիչը:

Նա չի մեկնաբանել Հայաստանի որոշումը` Հունգարիայի հետ հարաբերությունները խզելու կապակցությամբ, որն ադեկվատ պատասխան էր Ադրբեջանի և Հունգարիայի գաղտնի պայմանավորվածությանը: Պայմանավորվածության արդյունքում Սաֆարովը հանձնվել է Ադրբեջանին: