3 սեպտեմբերի 2012 - 21:38 AMT
Ադրբեջանի ԱԳ նախարարը չի կարողանում հասկանալ, թե ինչու է ԱՄՆ-ն քննադատել Սաֆարովին ներում շնորհելը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսով բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը:

«Մամեդյարովն ընդգծել է, որ ԱՄՆ դիրքորոշումն անհասկանալի է Ադրբեջանի համար»,-ասել է Աբդուլլաևը:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովը օրերս արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան այս քայլին, Հայաստանը խզել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Մինչ այդ հունգարական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել էր, որ Սաֆարովի ցմահ ազատազրկումը կարող է դատարանի կողմից փոխարինվել բանտարկության այլ ժամկետով, կամ պայմանական ազատմամբ` առնվազն 25 տարի պատաիժը կրելուց հետո:

Ավելի վաղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Թոմմի Վիտորը մեկնաբանել էր Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին և նրան ներում շնորհելը: «Նախագահ Բարաք Օբաման լրջորեն անհանգստացած է այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին` հունգարիայից վերադառնալուց անմիջապես հետո: Մենք մեր հիասթափությունն ենք արտահայտել Ադրբեջանի իշխանություններին` Սաֆարովի առնչությամբ նրանց կայացրած որոշման կապակցությամ, ինչը հակասում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ջանքերին և հաշտության կնքմանն ուղղված ջանքերին: ԱՄՆ-ն ակնկալում է Հունգարիայից բացատրություն` Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու առնչությամբ»: