4 սեպտեմբերի 2012 - 11:45 AMT
Յուրա Մովսիսյան. Բուլղարիան և Մալթան զգուշանալու են մեր արագ ֆուտբոլիստներից

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին: Սեպտեմբերի 7-ին Վարդան Մինասյանի սաները B խմբում հյուրընկալվելիս առաջին հանդիպումն անցկացնելու են Մալթայի դեմ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գտնում է, որ իրենց դժվար հանդիպումներ են սպասվում Մալթայի և Բուլղարիայի դեմ, քանի որ խաղալու են մրցակցի հարկի տակ:

«Բայց մրցակիցն էլ լավ ծանոթ լինելով մեր խաղին`զգուշանալու է, քանի որ գիտի, որ մենք արագ ֆուտբոլիստներ ունենք: Հիմա մենք կենտրոնացած ենք միայն Մալթայի դեմ խաղի վրա, եթե այն չհաղթենք, չենք կարողանա մտածել Բուլղարիայի կամ էլ Իտալիայի մասին»,- ասաց Մովսիսյանը:

Ֆուտբոլիստը նշեց, որ Մալթայի հավաքականի խաղին այդքան էլ ծանոթ չեն և դիտել են մի քանի հանդիպում. «Շատ ուրախ եմ, որ բազմաթիվ հայ եկրպագուներ են աջակցելու մեզ: Շատ եմ ուրախանում, երբ նրանց տեսնում եմ արտագնա հանդիպումներին»: Մալթայից Հայաստանի հավաքականն ուղևորվելու է Բուլղարիա, որի ընտրանու հետ հանդիպելու է սեպտեմբերի 11-ին: