4 սեպտեմբերի 2012 - 12:46 AMT
Թուրքագետ. Եվրոպան պետք է մտահոգվի, որ Ադրբեջանը հանցագործի անունով փողոց է անվանակոչում

«Եթե Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային և դրա շուրջ զարգացումներին միջազգային կառույցները որևէ կերպ չարձագանքեն, այն է` Ադրբեջանին չպատժեն, մենք կարող ենք ասել, որ նույն հաջողությամբ այդ կառույցների մեջ կարող է ընդգրկվել աֆրիկյան որևէ մարդակեր ցեղախումբ»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, հավելելով, որ այս ամենը ցույց տվեց, որ Ադրբեջանը վարում է սիստեմատիկ հայատյացության քաղաքականություն և «դաստիարակում է հանցագործ հասարակություն»:

«Վստահ կարելի է ասել նաև, որ Ադրբեջանը տանուլ է տալիս արտաքին քաղաքական հարցերում և որ Ալիևները չեն յուրացրել դիվանագիտության տարրական դասերը», - ասաց մասնագետը:

Անդրադառնալով ադրբեջանական հասարակության արձագանքին, թուրքագետը զուգահեռներ տարավ Թուրքիայի հասարակության հետ և ասաց, որ այս երկու հասարակություններում հանցագործների հերոսացումը սովորական երևույթ է` նույնը տեղի ունեցավ Թուրքիայում` Օգյուն Սամաստի հետ:

«Եվրոպան պետք է մտահոգվի, որ եվրոպական արժեքներն իրեն վերագրող պետությունը հանցագործի անունով փողոց է անվանակոչում, դպրոց կամ թատրոն», - ասաց թուրքագետը: