4 սեպտեմբերի 2012 - 14:09 AMT
Նաիրա Զոհրաբյան. Չեմ հասկանում մարդկանց, ովքեր անընդհատ թմբկահարում են «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Ես չեմ հասկանում մարդկանց, ովքեր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը դրել են շրջանառության մեջ և անընդհատ թմբկահարում են դա: Դժվար թե Հայաստանում գտնվի մեկը, ով դեմ լինի ԼՂՀ անկախությանը, սա ընդամենը պահի և նպատակահարմարության հարց է, որը բոլորս էլ հասկանում ենք: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս նախագիծը շրջանառության մեջ դնելն ընդամենը 5 րոպեի հարց է, ուղղակի հաշվի պետք է առնել այն, որ սա կարող է խանգարել բանակցային գործընթացին, իսկ բանակցային գործընթացի կասեցումն , ըստ պատգամավորի՝ մեկ այնընտրանք ունի՝ պատերազմ.«Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը Սաֆարովին Բաքու տանելով, թքեց Եվրոպայի երեսին, իհարկե, պետք է քայլեր ձեռնարկվեին համարժեք պատասխան տալու ուղղությամբ և ես չեմ բացառում, որ այդ քայլերից մեկը հենց ԼՂՀ անկախության ճանաչումն է, պարզապես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ կա պահի և նպատակահարմարության խնդիր, կա բանակցային գործընթաց, որի մասին չպետք է մոռանալ»:

Հշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները: