Հայաստանը չէ, որ պետք է առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
«Եթե հիմա Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա բոլորը նրան կմեղադրեն ոչ կառուցողական մոտեցման մեջ: Տվյալ պահին այս որոշումը վաղաժամ կլինի: Եթե ճանաչեն այլ պետություններ պետք է ճանաչեն, օրինակ` Հունգարիան, որ հանցավոր գործարքի մեջ է մտել Ադրբեջանի հետ ու Հայաստանի հանդեպ ամոթալի քայլ է կատարել, այդ դեպքում դա մեղքերի քավություն կհամարվի ու նախադեպ չի ունենք», - ասաց Բաբայանը:
Բաբայանը նաև ասաց, որ Հայաստանը պետք է տեղյակ պահի Մինսկի խմբի համանախագահ երկրներին, հավելելով, որ մինչ այս քայլին գնալը պետք է «խորը մտածել և հավանական բարդուդյուններն ու ձեռքբերումները կանխատեսել»:
«Նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է տեղյակ պահել նաև ԼՂ ղեկավարությանն ու ժողովրդին: Մի քանի անգամ այս նախագիծն արդեն մտել է Ազգային ժողով ու մերժվել, և ճիշտ չի լինի, եթե հիմա էլ մերժվի», - նշեց Բաբայանը:
Ըստ Բաբայանի, այս պահի դրությամբ անհրաժեշտ է ակտիվացնել լիարժեք բանակցային գործընթացը, ներգրավելով նաև Ղարաբաղը: Պետք է «աշխատել, որ Ադրբեջանը դատապարտվի տարբեր ատյաններում, օգտագործելով այս հարցում նաև հայկական սփյուռքի ներուժը»:
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: