4 սեպտեմբերի 2012 - 17:17 AMT
Հայաստանը կարևորում է համագործակցությունն Արգենտինայի հետ միջազգային կազմակերպություններում

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Ողջունելով նախարարին` պարոն Աբրահամյանը նշեց, որ նրա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու եկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարևորում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության դինամիկ զարգացումը և հետաքրքված է Լատինական Ամերիկայի երկրների, մասնավորապես` Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ և խորացմամբ: Հովիկ Աբրահամյանը կարևորեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը` նշելով, որ երկու երկրների խորհրդարաններում ստեղծված պատգամավորական բարեկամության խմբերը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարևոր հիմք կարող են հանդիսանալ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարևոր համարեց նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Արգենտինայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ բազմակողմ համագործակցության զարգացմանը` այս համատեքստում կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստում է նաև հայ համայնքը, որը, նախարարի խոսքով, մեծ ներդրում ունի Արգենտինայի տնտեսության և այլ ոլորտների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան նաև ԼՂ հիմնախնդրին` երկուստեք շեշտելով, որ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: