5 սեպտեմբերի 2012 - 17:08 AMT
Հունգարիայի ԱԳՆ-ն չի հաստատում Բաքվի հետ հարաբերությունները խզելու մասին լուրերը

Հունգարիայի ԱԳՆ-ն չի հաստատում այն տեղեկատվությունը, որ Բուդապեշտը դիտարկում է որևէ երկրի հետ հարաբերությունները խզելու հնարավորությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Հունգարիայի ԱԳՆ մամլո ծառայությունում:

Ավելի վաղ «Մեդիամաքսը» Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությունում աղբյուրի վրա հղումով հայտնել էր, որ Հունգարիան կարող կասեցնել դիվանագիտական հարաբերություններն Ադրբեջանի հետ: Ըստ աղբյուրի, այդ հարցը նախօրեին քննարկվել է ԵԱՀԿ-ում հունգարական առաքելության աշխատակցի ևամերիկյան դիվանագետի ոչ պաշտոնական ճաշի ժամանակ: «Հունգարացի դիվանագետն ասել է ամերիկացի գործընկերոջը, որ վերջնական որոշում կայացված չէ, նշելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կասեցումը դիտարկվում է որպես միջոց` դուրս գալու այն բարդ արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակից, որում Հունգարիան հայտնվեց ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջան փոխանցելուց հետո, որտեղ նրան անմիջապես ներում շնորհվեց: Բացի դրանից, նման որոշումը խորհրդանշական քայլ կլինի Երեւանի հետ հարաբերությունները վերականգնելու համար, հավելել է դիվանագետը»,-հայտնել էր գործակալությունը:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: