21 փետրվարի 2005 - 20:38 AMT
2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԵՋ
2005 թվականին Հայաստանը մտադիր է ուղղումներ մտցնել Ռուսաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի մեջ, հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության առեւտրի եւ ծառայությունների բաժնի պետ Գագիկ Քոչարյանը: «Մենք առաջրկել ենք հեշտացնել ազատ առեւտրի ռեժիմին վերաբերող ապրանքների ցուցակների կազմման կարգը, եւ հանել Ռուսաստանից վերաարտահանման սահմանափակումները, ինչպես դա արել են ԱՊՀ շատ երկրներում»,-նշել է նա: Բացի այդ, նախատեսվում է փոփոխություններ կատարել համաձայնագրի այն կետում, ըստ որի տարբերակվում է երկկողմ հարաբերությունների ռեժիմը պետության եւ մասնավոր հատվածի մակարդակներում: Պետության կողմից վերահսկվող առեւտուրը մեծ արտոնություններ ունի: Քոչարյանի խոսքերով, ըստ փոփոխության նախատեսվում է հավասար պայմաններ ապահովել առեւտրի համար, ինչպես պետական մակարդակում, այնպես էլ մասնավոր: Համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը կքննարկվի հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ հանդիպման ժամանակ, որը կկայանա 2005 թվականի ամռանը: