6 սեպտեմբերի 2012 - 15:36 AMT
Քաղաքագետ. Երևանը զայրույթից ատամներն է կրճտացնում, Բաքուն ուրախանում է, ՆԱՏՕ-ն այնտեղ է, որտեղ և միշտ

Ճգնաժամ է և հունգարացիներին շտապ մի քանի միլիարդի փոխառություն էր հարկավոր, որը սիրալիրորեն համաձայնվեց տրամադրել Ադրբեջանը` լրացուցիչ պայմանով: Հունգարացիները պետք է մարդասպանին հանձնեին հայրենիք, որտեղ նա օպերատիվ կերպով ներում ստացավ նախագահի Ալիևի կողմից, հավելելով, որ դա արդարության ակտի առաջին փուլն է, հաջորդը կլինի Ղարաբաղի ազատագրումը: Այդպես է կարծում ռուս քաղաքագետ Անդրեյ Կուպրիկովը: Նա նշել է, որ հայերը հունգարացիների դեսպանատան վրա լոլիկներ են նետել և խզել դիվանագիտական հարաբերությունները: Ամերիկացիները տարակուսանք են հայտնում, չիմանալով ում հանդիմանել` մադյարներին, թե ադրբեջանցիներին: «Երևանը զայրույթից ատամներն է կրճտացնում, Բաքուն ուրախանում է, Բուդապեշտին մնացին փողերը, Վաշինգտոնին` խնդիրները, իսկ ՆԱՏՕ-ն այնտեղ է, որտեղ և միշտ: Իսկ ահա Մոսկվան այս ամենին նայում է չարախնդությամբ, իբր, մենք ձեզ նախազգուշացրել էինք»,- ասել է նա:

Իր հերթին լրագրող Անդրեյ Դավիդովը նշել է, որ հունգարացիներն ուղղակի չէին սպասում իրադարձությունների նման արագ ընթացքի, հույս ունենալով, որ արտահանձնված ադրբեջանցուն իսկույն ազատ չեն արձակի: «Նրանք հաշվի չէին առել, որ նախագահ Ալիևին պետք կլինի ցուցադրաբար վիրավորել Հայաստանին: Իսկ դա պետք եղավ, որովհետև Ադրբեջանը երկատվում է մոլեգին ռազմատենչության և վատ նախազգացողության միջև, որ Հայաստանի հետ պատերազմը կրկին վատ կվերջանա իր համար: Իսկ հիմա հրճվանք է ապրում, կարծես հրթիռային հարված է հասցրել Երևանին: Միաժամանակ, պատասխան հարվածը ստացել է Բուդապեշտը»,- ասել է Դավիդովը:

«Միգուցե Հունգարիան և Ադրբեջանն ընդհանուր գործնական շահեր ունեն: Երբ գործը հասնում է սեփական քաղաքացիների կյանքի որակի հարցերին, եվրոպական երկրների իշխանությունները փորձում են չափազանց սկզբունքային չլինել այլ հարցերում»,- հավելել է Իսրայելից լրագրող և թարգմանիչ Դանիել Շտայսլինգերը, գրում է REX-ը: