6 սեպտեմբերի 2012 - 18:11 AMT
«Ռեվիզոր». Ո՞ւր է գլորվում այնպիսի «հերոսներ» հռչակող ազգը, որոնց համար կարելի է միայն ամաչել

Շարունակվում են հրապարակումները Ռամիլ Սաֆարովի հրեշավոր հանցագործության մասին, արդեն բազում պարբերականներ իրենց էջերում հայտնել են վերաբերմունքը այս փաստի վերաբերյալ: Ananlitika.at.ua-ն բերում է «Ռեվիզոր» պարբերականի նյութը, որտեղ նույնպես մանրամասն «անդրադարձ» է կատարվում «Սաֆարովի գործին»:

«Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳՆ-ները ցասումնալից հայտարարություններ են տարածել Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Սաֆարովին ներում շնորհելու փաստի առնչությամբ:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Եվ հանկարծ օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվում է Ադրբեջանին ու…ներում ստանում Ալիևի հրամանագրով:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Ի՞նչ կարող եմ ասել: Մադյարներն, անշուշտ, մարդասպանին հանձնում էին, ձևականորեն վստահություն հայտնելով, որ նա կշարունակի կրել պատիժը, սակայն հաիզվ թե պատկերացնում էին, որ նրան այնտեղ ազգային հերոս կդարձնեն:

Մի պահ մտածեք՝ մի ամբողջ ազգ փառաբանում է որպես հերոսի զինվորականի, որը ստոր և վախկոտ ձևով կացնահարել է քնած թշնամուն…Սպանված Մարգարյանը չէր հրկիզել ադրբեջանական գյուղերը, ցեղասպանություն չէր գործել, և ընդհանրապես, անձամբ ոչ մի կապ չուներ Սաֆարովի հետ:

Իսկ ադրբեջանցի «զինվորը» նույնիսկ համարձակություն չի ունեցել հիպոթետիկ թշնամու հետ ազնիվ կռվի դուրս գալու: Ամեն ինչ արել է այնպես, ինչպես կաներ ստահակը, որը գիտի, որ չի կարող պայքարել դեմ առ դեմ:

Նման «հերոսից» կարելի է միայն ամաչել, սակայն Ադրբեջանն ամեն ինչ արեց Սաֆարովին բանտից հանելու համար: Եվ հանեց՝ փոխարենը գնելով 3 մլրդ դոլարի հունգարական պարտատոմսեր:

Ո՞ւր է գլորվում այնպիսի «հերոսներ» հռչակող ազգը, որոնց համար կարելի է միայն ամաչել: Ո՞ւր կհասցնի երկիրն այն իշխանությունը, որը փրկագին է վճարում սովորական վախկոտ մարդասպանների համար:

Եվ դա գործնականում անխուսափելի է դարձնում արյունալի վակխանալիան երբեմնի եղբայրական ժողովրդների միջև»: