7 սեպտեմբերի 2012 - 12:09 AMT
Ռազմական փորձագետ. Սաֆարովի էքստրադիցիան պատերազմի հավանականությունը չի մեծացրել

Տարիներ շարունակ Ադրբեջանում և Թուրքիայում չգրված այն օրենքը , որ հայ սպանելը ոչ միայն չի պատժվում, այլև հերոսացվում է, արդեն վերածվել է պետական քաղաքականության և լեգիտիմացվել է: Նման հետևության է հանգել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Սաֆարովի էքստրադիցիայից և դրանից հետո ծավալված իրադարձություններից հետո: Նա կարծում է, որ դրանից Հայաստանը պետք է մի քանի հետևություն անի,: Նախ այն, որ Ադրբեջանը այն պետությունն է, որը Հայաստանի համար մշտապես վտանգ է ներկայացնում.« Ու քանի որ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի համար խոցելի է միայն անպաշտպան հայը, ուրեմն Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով Հայաստանը պետք է ունենա հզոր պաշտպանություն և առհասարակ հզոր բանակ»: Միայն հզոր բանակ ունենալու դեպքում է փորձագետը պատկերացնում համակեցությունը Ադրբեջանի հետ:

Հաջորդ շատ կարևոր հետևությունը այն է, որ Արցախը իր այժմյան սահմաններով պետք է ճանաչվի անվտանգության գոտի.« Անվտանգության գոտին չի կարելի զիջել մի պետության, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է : Սա Արցախ պետության դիրքորոշումն է, և եթե մենք հարգում են Արցախ պետությունը, պետք է հաշվի նստենք այս փաստի հետ:

Ազատագրված տարածքները ռազմավարական անվտանգության համար կենսականորեն անհրաժեշտ են:

Փորձագետը այն տեսակետի կողմնակիցը չէ, որ Սաֆարովի էքստրադիցիան մեծացրել է պատերազմի հավանականությունը. «Պատերազմի վերսկսման համար պետք է, որ ուժերի հարաբերակցությունը փոփոխվի, սակայն թե Արցախ Պաշտպանության բանակը, թե Հայաստանի Զինված ուժերը, ոչ միայն չեն թուլացել, այլև հակառակը՝ օրեցօր ուժեղանում են: Դրա վառ օրինակն այն է, որ Ադրբեջանի բազմաթիվ դիվերսիոն հարձակումներ հետ են մղվում հայ շարքային զինվորների կողմից: Մինչդեռ դրանք հետ մղելու համար, երբեմն պրոֆեսիոնալ մարտիկների պատրաստվածությունը բավարար չէ»: