7 սեպտեմբերի 2012 - 18:40 AMT
ՄԱԿ-ը դեռ հուսով է, որ Սաֆարովի գործը չի վնասի ղարաբաղյան գործընթացին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգված է Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու շուրջ իրավիճակի զարգացմամբ, հայտարարել է նրա մամլո քարտուղար Մարտին Նեսերկին:

«ՄԱԿ-ը շեշտում է, որ ՄԱԿ անդամ երկրի պարտականությունն է պահպանել միջազգային չափանիշներն ու օրենքի գերակայությունը քրեական գործերում՝ բացառելու համար անպատժելիությունը: Ինչպես ասել են ՄԽ համանախագահները, մենք հուսով ենք, որ Սաֆարովի հետ կապված իրավիճակը չի վնասի ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին և կողմերի միջև վստահության հաստատմանը: Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի»,-ասել է Նեսերկին:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: