7 սեպտեմբերի 2012 - 20:06 AMT
Հունգարացի սոցիալիստները մտադիր են պարզել, թե հատկապես ով է մեղավոր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մեջ

Հունգարական ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը պահանջում է երկրի արդարադատության նախարարից հասանելի դարձնել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Սաֆարովի արտահանձնմանը, հաղորդում է Politics.hu-ն:

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության իրավաբան Գերգելի Բարանդին, փաստաթղթերի ուսումնասիրումը կօգնի պարզել, թե ով և որքանով է մեղավոր Սաֆարովի արտահանձնման մեջ: «Շատ հնարավոր է, որ Հունգարիայի վարչապետը Սաֆարովի արտահանձնման մասին որոշումը կայացրել է հուսալով ստանալ նյութական շահույթ»,-ասել է նա`հիմք ունենալով այն հաղորդագրությունները, որ նման որոշումը կարող էր բխել Հունգարիայի և Ադրբեջանի տնտեսական շահերից:

«Հանրությունը մի փոքր ավելիի կարիք ունի, քան պարզապես ենթադրություններն են»,-ասել է Բարանդին`կոչ անելով հրապարակել ոչ գաղտնի փաստաթղթերը և հասանելի դարձնել գաղտնիները:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս լուրերը: