25 փետրվարի 2005 - 20:11 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ ՉԻ ԳԱԼԻՍ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ, տեղեկացրել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ավստրաիայի միջեւ համագործակցությունը ԵՄ «Ընդլայնված Եվրոպա» Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Հ.Ֆիշերը նշել է, որ Ավստրիան հավասարակշռված մոտեցման, տարածաշրջանային կայունության եւ համագործակցության կողմնակից է: Ա.Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ ընթացիկ տարում նշվում է Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձը, ինչպես նաեւ շոշափել է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցը: Նրա խոսքերով` Հայաստանը հանդես չի գալիս Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության դեմ: «Հայաստանը հանդես է գալիս Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների հաստատման օգտին, չնայած պաշտոնական Անկարան շարունակում է Հայաստանի սահմանների շրջափակումը»,- հայտարարել է Ա.Բաղդասարյանը: