26 փետրվարի 2005 - 16:54 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է, ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍՆԵԼՈՒ ԹՈՒՅԼ ՀՈՒՅՍ ԿԱ
Ներկայումս Լեռնային Ղարաբաղի գծով բանակցային գործընթացը ակտիվացել է, եւ արդյունքի հասնելու թույլ հույս կա, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում: Միեւնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը գործնականում լուծված չէ, խոսակցություններ կգնան այն մասին, թե բանակցային գործընթացը փակուղի է մտել»: «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման հակամարտությունները շուտ չեն լուծվում»,-գտնում է Հայաստանի նախագահը: «Բանակցային գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից շատ ավելի լայն շրջանակներ ունի: Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կանոնավոր այցելություններն են տարածաշրջան, նրանց հանդիպումներն են Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ»,-նշել է նա: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին ես ներկայացնում են նաեւ Լեռնային Ղարաբաղի շահերը»,-նշել է Հայաստանի ղեկավարը: Ընդ որում Ռ.Քոչարյանը ավելացրել է, որ կձգտի նրան, որ Լեռնային Ղարաբաղը եւս ընդգրկվի այդ հանդիպումների ձեւաչափում: «Ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի հասնել դրան: Անկասկած, ԼՂՀ առավել ակտիվ ներգրավումը գործընթացին կավելացնի կարգավորման շանսերը»,-նշել է նախագահը: Միեւնույն ժամանակ Հայաստանի նախագահը ափսոսանքով փաստել է, որ «Ադրբեջանում հայատյացությունը վերածվել է պետական քաղաքականության»: Խոսելով Ադրբեջանի հետ ռազմական եւ տնտեսական պարիտետի պահպանման մասին` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում տնտեսական ներուժը որոշում են «ոչ թե արտահանված նավթի բարելներով, այլ արդյունավետ տնտեսությամբ, եւ այստեղ Հայաստանն, անկասկած, առաջ է անցել Ադրբեջանից»: