11 սեպտեմբերի 2012 - 12:59 AMT
Լյուքսեմբուրգի արտգործնախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց` հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Ասելբորնը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին և հայոց ջարդերի պատմությանը:

Լյուքսեմբուրգի արտգործնախարարը նաև գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Շատ հայերին հասցված տառապանքներն ու կոտորածը երբեք չպետք է մոռացվեն: Այս հուշարձանը խորհրդանշում է, որ զոհերի հիշատակը վառ կպահեն նաև ապագա սերունդները: Ես համոզված եմ, որ անցյալի այդ անարգանքը կարելի է հաղթահարել` կերտելով նոր ապագան»: