11 սեպտեմբերի 2012 - 17:11 AMT
Գ. Բեգլարյանն ընդունել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կապալառու ընկերության ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության ներկայացուցիչներին` Եվրոպայի վարչության կառավարիչ Ռամոն Աիգեի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էր նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Հովսեփյանը:

Ռամոն Աիեգեն նախարարին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը, նշել, որ սեպտեմբերի 13-ին շինարարության մեկնարկի համար կատարվող նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են և որևէ խնդիր չկա` դրանք սկսելու համար:

Նախարար Գագիկ Բեգլարյանը կարևորել է աշխատանքների կազմակերպման օպերատիվությունը, սարքավորումների ժամանակին ներկրումը, աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելը:

Ռամոն Աիեգեն նախարարին խոստացել է, որ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքները կավարտի սահմանված ժամկետում: