11 սեպտեմբերի 2012 - 18:03 AMT
ԱԺ-ում նոր երիտասարդական խորհրդարան կստեղծվի

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից, քննարկմանը մասնակցում էին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից կրկին ստեղծվելու է Երիտասարդական խորհրդարան եւ հավաքի նպատակը ստեղծվելիք Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգի քննարկումն է:

Դրական եւ արդյունավետ գնահատելով նախորդ Երիտասարդական խորհրդարանի աշխատանքը` Ազգային ժողովի նախագահը նկատեց, որ այն գործել է ակտիվ եւ արդարացրել սպասումները: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ խորհրդարանն այսուհետ եւս կաջակցի ստեղծվելիք Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների իրականացմանը, որը, ըստ նրա, լավ դպրոց է ապագա քաղաքական եւ պետական գործիչների համար:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները բարձր գնահատելով Երիտասարդական խորհրդարանի գործունեությունն ու նրա նշանակությունը երիտասարդների կրթության, հասարակական ակտիվության խրախուսման գործում` անհրաժեշտ համարեցին կառույցի աշխատանքների շարունակականության ապահովումը: