11 սեպտեմբերի 2012 - 18:25 AMT
Հայաստանը կշարունակի ուժեր տրամադել Աֆղանստանում իրականացվող գործողություններին

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Գերմանիայի ԶՈՒ գործողությունների հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին:Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ծրագրած «ԱՅՍԱՖ» գործողության կազմում ԳԴՀ զինված ուժերի հետ համագործակցությունը :

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը պլանավորում է 2013 թվականի ընթացքում շարունակել նույն կազմով ուժեր տրամադել Աֆղանստանում իրականացվող գործողություններին: Այնուհետև Սեյրան Օհանյանը գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ներկայացրել է Հայաստանի Զինված ուժերի փորձը միջազգային խաղարար գործողություններում:

Գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացը բարձր է գնահատել հայկական կողմի մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող գործողություններին՝ ընդգծելով, որ հայ զինծառայողները «շատ վստահելի, հուսալի և պրոֆեսիոնալ են»:

Սեպտեմբերի 11-ին գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ հետագա համագործակցության հեռանկարները: