12 սեպտեմբերի 2012 - 16:47 AMT
Հունգարացի սոցիալիստները Վիկտոր Օրբանին «բարոյապես սնանկ» են անվանել և կոչ արել հրաժարական տալ

Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշտերհազին իր երկրի վարչապետին անվանել է «բարոյապես սնանկ» և կոչ արել հրաժարական տալ: Նախօրեին հաղորդագրություն է տարածվել, որի համաձայն Վիկտոր Օրբանն անցած շաբաթ կուսակցության փակ նիստում խոստովանել է, որ որոշում է ընդունել Ռամիլ Սաֆարովի Ադրբեջանին արտահանձնելու մասին, թեև իմացել է, որ վաղ թե ուշ նա ազատ է արձակվելու:

Ինչպես հայտարարել է Մեշտերհազին, Օրբանը պետք է անձամբ պատասխանատվություն կրի իր որոշումից հետո ծագած սկանդալի համար, քանի որ հետևանքների մասին իրեն նախազգուշացրել են ԱԳ և արդարադատության նախարարները:

Հաղորդվում է նաև, որ իշխող կուսակցության նախաձեռնությամբ ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման հարցը հանվել է ազգային անվտանգության հարցերով խորհրդարանի օրակարգից: Մասնագետները դա սխալ են անվանել, քանի որ հենց այդ հանձնաժողովը պետք է զբաղվի այդ հարցով:

Կուսակցության նիստի ժամանակ Օրբանը հայտարարել է, որ կուսակցության գործընկերները և խորհրդականները բազմիցս նախազգուշացրել են նրան նման քայլի վտանգավորության մասին, բայց հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների կողմը` Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուներ ապահովելու համար: Օրբանը խոստովանել է, որ իմացել է հնարավոր հետևանքների մասին, բայց ակնկալել է, որ Սաֆարովին ներում կշնորհվի մի քանի ամիս անց «առողջական պատճառներով»:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները: