Apple ընկերությունն ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին կդադարի սատարել Ping երաժշտական ուղղվածությամբ սոցցանցին դրա գործարկումից երկու տարի անց: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է Apple հաղորդագրությունում:
«Սեպտեմբերի 30-ից Ping-ը փակվում է: Շնորհակալություն Ping-ի հանդեպ ձեր հետաքրքրության համար: Մենք այլևս չենք ընդունում նոր օգտագործողներ»,- նման հաղորդագրություն է հայտնվել Ping-ում:
Ping ծառայությունը, որի շրջանակներում օգտատերերը կարող էին ընկերներ ներգրավել և տեսնել, թե ինչ երգեր են ներբեռնվել և լսվել, հայտնվել է iTunes ծրագրի 10-րդ տարբերակում, նախատեսված մուլտիմեդիական կոնտենտի հետ աշխատանքի համար, 2010-ի սեպտեմբերին:
Apple-ի ղեկավար Թիմ Կուկը խոստովանել է Ping անհաջողությունը այս տարվա գարնանը կայացած D10 համաժողովում, նշելով, որ օգտատերերը չեն ցանկացել ժամանակ ծախսել ծառայության վրա, գրում է All Things Digital-ը:
Apple –ի սոցիալական մշակումները հետագայում կիրացվեն շուկայի առաջատարներ Facebook-ի և Twitter-ի հետ գործընկերության միջոցով: