13 սեպտեմբերի 2012 - 16:06 AMT
ՀՀ փոխվարչապետն Աշգաբադում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 55-րդ նիստին

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր մեկնեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 55-րդ նիստի աշխատանքներին:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող երկու տասնյակից ավելի հարցեր:

Մասնավորապես կքննարկվեն ԱՊՀ ինովացիաների և արտոնագրերի բանկի ստեղծման հայեցակարգի, Ուկրաինայի Չոպե քաղաքում միջազգային առևտրացուցահանդեսային «Չոպինթրեյդէքսպո» կենտրոնի ստեղծման մասին որոշման նախագծերը: Նիստում կքննարկվի նաև 2013-2014թթ. ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների ծրագրի նախագիծը և մի շարք այլ հարցեր:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիրը, որը մինչ ստորագրումը քննարկումներ էր անցել ԱՊՀ տնտեսական խորհրդում: