13 սեպտեմբերի 2012 - 18:40 AMT
Եվրախորհրդարանն ընդունեց Սաֆարովի արտահանձնման և ներման մասին բանաձևը

Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու Ադրբեջանում նրան ներում շնորհելու վերաբերյալ բանաձևին: Մինչ այդ խորհրդարանականները քվեարկեցին բանաձևի մեջ որոշ ուղղումներ ու փոփոխություններ մտցնելու օգտին :

Բանաձևի սկզբնական տարբերակում մասնավորապես ասվում է. «Որպես հիմք ընդունելով նախորդ բանաձևն Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին, ԵՄ կառույցների հայտարարությունները Սաֆարովի գործով, սեպտեմբերի 3-ին հրապարակված Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունն այն մասին, թե Հունգարիան գործել է իր միջազգային պարտավորությունների շրջանակում և արտահանձնման միջազգային օրենքներից ելնելով, Դատապարտված անձնաց փոխանցման մասին կոնվենցիայից, Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի նամակը Հունգարիայի արդարադատության նախարարին՝ Եվրախորհրդարանը գտնում է, որ Ադրբեջանի նախագահի կողմից Սաֆարովի նման շուտափույթ ներումը կասկածի տակ է դնում արտահանձնման իրական պատճառները, որոնք հակասում են Վիլայաթ Զահիրովի օգոստոսի 15-ի նամակին:

Որպես հետևանք 2012թ. օգոստոսի 31-ին Հայաստանը կասեցրեց հարաբերությունները Հունգարիայի հետ, իսկ հայ սպայի մարդասպանի ներումը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում:

Հաշվի առնելով այս ամենը Եվրախորհրդարանը՝

Ափսոսանք է հայտնում, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում դիմավորեցին որպես հերոսի, շնորհեցին նրան մայորի կոչում, վճարեցին 8 տարվա աշխատավարձը:

Կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել հաշտեցման գործընթացը:

Հիշեցնում է, որ Ասոցացման մասին համաձայնագիրը, որի ստորագրման մասին այժմ բանակցություններ են ընթանում, դրույթներ ունի մարդու իրավունքների պաշտպանության մասին,որոնք պետք է պահպանվեն:

Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին բոլոր ջանքերը գործադրել կատարելագործելու համար դատական համակարգը, մասնավորապես, հետապնդման, դատապարտման ու բողոքարկման դատական գործընթացները:

Կոչ է անում Ադրբեջանին ենթարկվել այդ երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր որոշումներին:

Հանձնարարում է Եվրախորհրդարանի նախագահին սույն բանաձևը փոխանցել Եվրոպայի խորհրդին, Եվրահանձնաժողովին, Ադրբեջանի և ԵՄ երկրների կառավարություններին ու խորհրդարաններին»: