14 սեպտեմբերի 2012 - 19:12 AMT
Հունգարիան շատ է ուզում հաշտվել Հայաստանի հետ

Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը հունգարական դիվանագիտության առաջնային խնդիրներից է, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնին: Ըստ նրա, իքնը դիմել է Շվեյցարիային` մասնակցելու Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին:

Ընդ որում, նա ընդգծել է, որ խոսքը դիվանագիտական օգնության մասին է, հավելելով, որ հունգարականկողմը կողջունի այդ հարցում յուրաքանչյուր առաջարկություն: Մարտոնին ընդգծել է, որ իր օգնությունն է առաջարկել Հունգարիայի հայկական համայնքը: «ԵՄ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ես դիմել եմ նաև Եվրամիության գործընկերների օգնությանը, որոնք այս խնդրին ըմբռնումով են մոտեցել»,-ասել է նա:

Խոսելով հենց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին` Յանոշ Մարտոնին ասել է. «Վարչապետի և կառավարության որոշումներն այս հարցում համընկել են: Ուստի անիմաստ է վիճել այն մասին, թե հենց ում է պատկանում Սաֆարովի գործով որոշումը»:

Խոսելով իր հնարավոր պաշտոնաթողության մասին, նա հայտարարել է, որ առայժմ այդ հարցը չի բարձրացվել, հաղորդում է Politics.hu-ն:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը անցած շաբաթ տեղի ունեցած փակ կուսակցական նիստում խոստովանել է, որ որոշում է կայացրել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նա ազատ է արձակվելու

Կուսակիցներն ու խորհրդականները բազմիցս են զգուշացրել Օրբանին, որ այդ քայլը ռիսկային է, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների հանդեպ՝ հետագայում նոր վարկատուներ ապահովելով Հունգարիայի բույջեի համար:

Օրբանը խոստովանել է, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն, կարծում էր, թե Սաֆարովին ազատ կարձակեն մի քանի ամիս անց, «առողջական վիճակի պատճառաբանությամբ»: