14 սեպտեմբերի 2012 - 20:09 AMT
Հունգարիայի հայերը պահանջում են պատասխանատվության ենթարկել Սաֆարովի արտահանձնման մասին որոշումը կայացնող պաշտոնյաներին

«Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարություն» կազմակերպությունը կոչ է արել հետաքննություն սկսել հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին որոշում կայացրած անձնաց նկատմամբ

Կազմակերպության նախագահ Նիկողոս Հակոբյանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը հայտնում է իր ցավն և ցնցումը Հայաստանի և Հունգարիայի անակնկալ միջպետական կապերի խզման պատճառով: Չենք հասկանում և չենք կարող ընդունել այն բացատրությունները, որոնք չնայած հայկական կողմին բազմիցս տրված խոստումների, Հունգարիայի արդարադատական մարմինները, անտեսելով ամենակարևոր մարդկային և բարոյական օրենքները, զիջելով ադրբեջանի թուրքական պետության ճնշմանը,մարդասպանին հայրենիք արտաքսման որոշում կայացրեցին:

Ծանր մասնագիտական սխալ ենք համարում 1983 թվականին ընդունված Ստրասբուրգի կոնվենցիայի ոգուն և իմաստին հակասող, հունգար իշխանություններիկողմից ընդունված որոշումը:

Նկատի առնելով վերը նշված հանգամանքը, պահանջում ենք գործի և կապված գործարքի հետին պարագաների բացահայտման նպատակով հետաքննության հարուցում ի դեմ որոշում կայացնողների, առանց ուշադրության նրանց զբաղեցրած դիրքի և անձի, քաղաքական, և եթե անհրաժեշտ է, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Ժամանակն է եկել աշխարհին բացատրել, որ հինգհազարամյա պատմություն ունեցող քրիստոնյա ժողովրդին չի կարելի ձգել այնպիսի վայրագ պետության և հասարակության քմահաճությանը, որն հերոսացնում է վախկոտ, դեմ առ դեմ պայքարի անընդունակ, գաղտագող գիշերային մարդասպանին:

Համարում ենք, որ Ստալինի քմահաճույքով թուրքերին գերված և այսօր անկախ Արցախը, պետք է միջազգային ճանաչում ստանա»: