15 սեպտեմբերի 2012 - 13:28 AMT
Շվեդիայի հայերը Հունգարիային. Որքանո՞վ եք վաճառել ձեր պատիվը

Շվեդիայի հայերը սեպտեմբերի 14-ին բողոքի ակցիա են կազմակերպել Հունգարիայի դեսպանատան մոտ՝ բողոքելով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման դեմ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունից բողոքի ակցիայի մասնակիցները կրում էին «Որքանո՞վ եք վաճառել ձեր պատիվը» և «Մենք արդարություն ենք պահանջում Գուրգեն Մարգարյանի համար» գրություններով պաստառներ:

Հունգարիայի փոխդեսպանին նամակ է հանձնվել, հասցեագրված Հունգարիայի կառավարությանը: Հունգարացի դիվանագետը նշել է Հունգարիայի ու Հայաստանի բազմամյա բարեկամական հարաբերությունները՝ համակրանք հայտնելով հայ ժողովրդի հանդեպ: Նամակի հետ միասին հայ համայնքի ներկայացուցիչները նրան երկու գիրք են հանձնել ղարաբաղյան հակամարտության մասին:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: