15 սեպտեմբերի 2012 - 12:01 AMT
Բենգազիի օդանավակայանը փակվել էր ԱՄՆ անօդաչու սարքերի թռիչքների պատճառով

Լիբիայի Բենգազի քաղաքում օդանավակայանի փակման պատճառ են դարձել քաղաքի օդային տարածքում ԱՄՆ անօդաչու սարքերի թռիչքները և դրանք խփելու լիբիական ուժերի փորձերը:

Օդային հաղորդակցությունը քաղաքի հետ կասեցվել է ավելի քան 12 ժամով և վերականգնվել է ուրբաթ օրը:

Նախկին գրոհայինները, որոնք պայքարում էին Մուամմար Քադդաֆիի դեմ, իսկ այժմ երկրի անվտանգության ուժերի կազմում են ծառայում, փորձում էին կործանել ԱՄՆ անօդաչու սարքերը: Օդանավակայանի ղեկավարությունը մտավախություն ուներ, որ կրակի տակ կարող են հայտնվել ուղևորատար ինքնաթիռները, և որոշել է փակել օդանավակայանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: