17 սեպտեմբերի 2012 - 12:55 AMT
Ջութակահար Ռուբեն Ահարոնյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի

Անվանի երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ Բորոդինի անվան քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևի` ոսկե մեդալի: Նախարարության ժամանակակից արվեստների վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը պարգևը հանձնեց հռչակավոր քառյակի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգից առաջ:

Համաձայն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանի, մեդալը շնորհվեց հայ երաժշտարվեստում ծանրակշիռ ավանդի և ծննդյան 65-ամյակի առթիվ:

Ռուբեն Ահարոնյանը ծնվել է 1947թ. Ռիգայում (Lիտվա):

Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (դաս.` Յու. Յանկելևիչ) և ասպիրանտուրան (դաս.` Լ. Կոգան):

Ջութակահարը միջազգային մրցույթների դափնեկիր է:

1971-1996թ. եղել է Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1982-1996թ. Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր:

1996թ. տեղափոխվել է ՌԴ և դարձել Բորոդինի անվան լարային քառյակի առաջին ջութակահարը:

Որպես մենակատար, Ռուբեն Ահարոնյանը շրջագայություններով հանդես է եկել նախկին ՍՍՀՄ և ՌԴ քաղաքներում , ԱՊՀ-ի, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի տարբեր երկրներում:

Խաղացանկում ունի ջութակի համար գրված համաշխարհային գլուխգործոցներ և նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: