9 մարտի 2005 - 10:34 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ՄՅՈՒՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ԿԻՍՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ, ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՏԻ ՆՄԱՆ ԽԻՏ ԳԱՐՇԱՀՈՌՈՒԹՅԱՆ
Իր դիրքորոշումներից դեռեւս չի հրաժարվում ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկը, ինչը, իսկապես, վատ է: Այս մասին «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Իսկ իմ կարծիքով, բոլորն էլ պետք է հավասարապես հեռանան նախկին դիրքերից ու առաջ գնան: Իսկ ինչի՞ց ենթադրեցիք, որ բանակցությունների սեղանից ռազմի դաշտ անցնելը սարսափելի է միայն հակառակորդի համար եւ ամենեւին վտանգավոր չէ սեփական կողմին: Հիշեք, թե ինչքան սխալներ են եղել պատերազմների պատմության ընթացքում. չէ՞ որ ոչ ոք դրանք չի սկսել ջախջախված, պարտված լինելու ակնկալիքով: Ավելի լավ է դասեր քաղել ուրիշի սխալներից, քան ծնել սեփականները»,- նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է խստացել Ղարաբաղյան հարցով զբաղվող միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ «դեռ վաղ է ընդհանրացնել»: «Ինքնահանգստացումը վնասակար է նաեւ «հաղթողների» համար: ԵԽԽՎ-ն չէր կարող հայերին պարգեւատրել պասիվության համար, սակայն դեռ հարց է` կկաողանա՞ այդ վերաբերմունքը «փոխանցում կատարել» նաեւ մյուս կազմակերպություններին: Ամենուր չէ, որ կբավարարվեն մակերեսային մոտեցումներով, լուրջ վերլուծությունը կպահանջի ավելի խորը «փորել», ուսումնասիրել այդ հակամարտության պատճառները, արմատները»,- ընդգծել է նա: Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղարաբաղյան հարցին վերաբերող աշխատանքներում տեղ գտած արժանիքների եւ թերությունների մասին, մասնավորապես, իրենց դիրքորոշումների քարոզչության ապահովման ոլորտում` Վ.Կազիմիրովը նշել է, որ իրեն իրավունք չի վերապահում տալ երկու պետությունների դիվանագիտական ծառայությունների գնահատականը: «Նախկինում ես ավելի շատ գիտեի այդ մասին, քան ներկայումս: Այլ բան է «քարոզչության ապահովման» հարցը: Չեմ կարող հավատալ, որ մյուս հակամարտությունները եւս շրջապատված են եղել կիսաճշմարտության, աղավաղումների եւ պարզապես ստի նման խիտ գարշահոտությամբ: Արդարացման համար նույնիսկ բարձրագոչում են. «Պատերազմում` ինչպես պատերազմում»: Եվ այդ ամենն արվում է, առաջին հերթին, սեփական ժողովրդին խաբելու համար, քանի որ մյուս կողմին եւ միջնորդներին խաբելն այնքան էլ հեշտ չէ: Այդ երեւույթը ծնել են ինչպես կողմերի պաշտոնական քարոզչական կառույցները, այնպես էլ ծառայամիտ ԶԼՄ-ները»,- եզրափակել է ռուս դիվանագետը: