18 սեպտեմբերի 2012 - 17:21 AMT
Հունգարահայերը մտադիր են դատի տալ կառավարությանը Սաֆարովին արտահանձնելու համար

Հունգարիայի հայերի ազգային խորհուրդը մտադիր է դատական հայց ներկայացնել Հունգարիայի կառավարության դեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար, որին ներում շնորհվեց Բաքու ժամանելուն պես: Ինչպես ասել է Խորհրդի ղեկավար Սևան Սարգսյանը, հայցը կներառի նաև իշխանությունը չարաշահելու և կաշառակերության մեղադրանքներ, գրում է Politics.hu-ն Blikk-ի վրա հղումով:

Որոշ գնահատականներով, գրում է թերթը, Հունգարիայում մոտ 30 հազար ծագումով հայ կա:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: