10 մարտի 2005 - 06:53 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՈՐՈՇՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «իրականությանը բացարձակապես չհամապատասխանող» է անվանել հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստվում են մոտ ժամանակներս համաձայնագիր կնքել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռեւս չկա: Ինչ վերաբերվում է երկու երկրների ԱԳՆ ղեկավարների երկխոսությանը, ապա, Վ.Օսկանյանը նշել է, որ հերթական հանդիպման ժամկետը կորոշվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի համաձայնել այն հայտարարությունների հետ, որ «Հայաստանը պարտություն է կրում կարգավորման գործընթացքում»: Նրա խոսքերով` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը շարունակում է առաջնային մնալ Երեւանի համար: Սակայն, ավելացրել է Վ.Օսկանյանը, «գոյություն ունի նաեւ տարածքային տարրը, քանի որ այն տարածքը, որտեղ ինքնորոշվել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, անկախ Ադրբեջանի մաս երբեք չի հանդիսացել»: «Այս երկու մոտեցումների հիբրիդն ամրապանդում է մեր բանակցային դիրքերը»,- նշել է նա: