18 սեպտեմբերի 2012 - 18:07 AMT
Հայ-իտալական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում դինամիկ զարգանում են

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Երևանում գտնվող իտալական «Գրին Պլանետ» ընկերության տնօրեն Մասիմո Դե Մարզիսին: Ողջունելով հյուրին, նախարարը գոհունակություն հայտնեց հայ-իտալական հարաբերությունների դինամիկ զարգացումից` գյուղատնտեսության բնագավառում և նշեց, որ Հայաստանում լայնորեն օգտագործվում են իտալական արտադրության սարքավորումներն ու տեխնոլոգիաները: «Ցավոք, հակառակ պատկերն է Իտալիայում, որտեղ դեռևս քիչ են ծանոթ հայկական արտադրանքին»,- ասաց նախարարը` նշելով, որ այս ուղղությամբ պետք է ակտիվացնել գործակցության համատեղ ջանքերը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, պարոն Մասիմոն հակիրճ ներկայացրեց իրենց ընկերության գործունեությունը, այն է, օթերևութաբանական մոնիթորինգի իրականացում: Վերջինիս նպատակով ընկերությունն արտադրում է հատուկ կայաններ, որոնց միջոցով ուսումնասիրվում են գյուղատնտեսական տարածքի պարամետրերը: Ի՞նչ, ե՞րբ, ինչք՞ան և ինչպե՞ս պետք է ստանա հողը էկոլոգիապես մաքուր և քիչ ծախսատար արտադրանք տալու համար: Այս տվյալները հասանելի են համացանցով հաղորդակցվող ֆերմերներին և արտադրողներին:« Ուրախ կլինենք այս ոլորտում համագործակցել նաև Հայաստանի հետ, օգտակարլինել հայ հողագործներին»,- նշեց պարոն Մասիմոն:

Հետաքրքրվելով ներկայացված ծրագրով` Սերգո Կարապետյանն առավել մանրամասն տեղեկատվություն խնդրեց նշված կայանների գործունեության վերաբերյալ, որի համակողմանի ուսումնասիրության արդյունքում միայն հնարավոր կլինի արձագանքել իտալական կողմի առաջարկին: