10 մարտի 2005 - 07:22 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հասարակածային Գվինեայում ձերբակալված հայ օդաչուների ազատման համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` անհրաժեշտ է համակարգել ջանքերը, որպեսզի չստացվի հակառակ արդյունք: Պատասխանելով այն հարցին, թե ինչու Վարդան Օսկանյանի Գվինեա այցի ժամանակ տեղի չի ունեցել հանդիպում այդ երկրի նախագահի հետ, ԱԳՆ ղեկավարը նշել է, որ չնայած հայկական կողմի ցանկությանը, մինչեւ Մալաբո ժամանելը ստացվել է այցի ծրագիրը, որում Հասարակածային Գվինեայի նախագահի հետ հանդիպումը նախատեսված չի եղել: Այդ երկրի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներից Վարդան Օսկանյանը գոհ էր: Նրա խոսքերով` այցի ընթացում հաստատվել է շփում բավականին բարձր մակարդակով, որը կնպաստի հայ օդաչուների հետագա ազատմանն ու տեղափոխմանը Հայաստան: «Այսինքն, ես առնվազն հնարավորություն ունեմ զանգել եւ շփվել գործընկերոջս հետ», - նշել է Վ.Օսկանյանը` ավելացնելով, որ այցը համարում է հաջողված այն իմաստով, որ հայկական կողմն առաջարկել է ստեղծել իրավական դաշտ դատապարտվածների եւ ձերբակալվածների փոխանակման համար: «Հասարակածային Գվինեայի իշխանությունները մտադիր են լրջորեն քննարկել այդ առաջարկը», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեչության ղեկավարը: