Ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչությունները և դպրոցները կփակվեն ուրբաթ օրը` սեպտեմբերի 21-ին, աշխարհի 20 երկրներում` չորեքշաբթի օրը Charlie Hebdo երգիծական թերթի կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումից հետո Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգության համար մտավախության պատճառով, հաղորդում է Ֆրանս Պրեսը:
«Անվտանգության նկատառումներով ֆրանսիական դեսպանատները, հյուպատոսարանները, մշակութային կենտրոնները և դպրոցները կփակվեն 20 երկրներում»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Միաժամանակ, նա նշել է, որ հաստատությունների հասցեին ոչ մի սպառնալիք չի եղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նման որոշումը բացատրվում է նրանով, որ ավանդաբար մահմեդական երկրներում զանգվածային հուզումների պոռթկում տեղի է ունենում ուրբաթօրյա մեծ աղոթքից հետո:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արդեն պահանջել է ուժեղացնել իր դեսպանատների պահպանությունն աշխարհի մի շարք երկրներում: