20 սեպտեմբերի 2012 - 15:24 AMT
Ա. Տեր-Թադևոսյան. Ի տարբերություն չեչենների, աֆղանները Ղարաբաղում կռվում էին ոչ թե հավատի, այլ փողի համար

Աֆղան մոջահեդները ղարաբաղյան պատերազմի ժամանակ կռվել են Ադրբեջանի կողմից ոչ թե հավատի, այլ փողի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ մեկնաբանելով լուրերը «Թալիբան» շարժման գրոհայինների Հայաստան ներթափանցման մասին:

Ըստ նրա, Ադրբեջանը ղարաբաղյան պատերազմում մտադիր էր մի քանի հազար մոջահեդների օգտագործել, որոնք պատերազմելու էին եկել հայկական ուժերի դեմ: Սակայն, հասկանալով, որ նրանք չեն կարողանում կյանքի կոչել այդ մտադրությունը, սկսեցին աֆղաններին օգտագործել որպեսզի նրանք կրակեն մարտի դաշտից փախչող ադրբեջանցիների վրա:

Տեր-Թադևոսյանը նշել է, որ թալիբները կարող են լավ գործել միայն իրենց տանը՝ Աֆղանստանում, որտեղ լավ ծանոթ են մարտական գործողությունների թատերաբեմին:

Տեր-Թադևոսյանը հավելեց նաև, որ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կռվում էին չեչենները, որոնք ի տարբերություն աֆղանների, իրոք հավատի համար էին կռվում: Նա հիշեցրել է Շամիլ Բասաևի խոսքերն ադրբեջանցիների մասին՝ «նրանք կռվել չգիտեն, հայերի դեմ կռվելն անհեռանկարային է», որից հետո չեչենները դադարեցին կռվել ադրբեջանցիների կողմից: