ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը զեկուցել է կառավարության նիստում պետգնումների ոլորտում կատարված աշխատանքի մասին: Մասնավորապես, ըստ նրա, բազմաթիվ թերացումները պայմանավորված են ոչ թե կանոնակարգող դաշտով, որտեղ նույնպես խնդիրներ կան, այլ վարչարարության նորմերով: «Ներդրվել է համակարգ, որը բացասական հետևանքներ է ունեցել»,-ասել է նա:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին կոնկրետ քայլերի մասին նախարարը պատասխանել է. «Առաջարկում եմ փոխել Պետգնումների աջակցության կենտրոնի ղեկավարությունը ի դեմս ղեկավար Հակոբ Բեգլարյանի և նրա տեղակալի, որոնց հետ են կապված այդ թերացումներն ու այդ պրակտիկան»,-ասել է նա:
Վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին հրամանագիր նախապատրաստել այդ երկու պաշտոնյաներին պաշոտններից հեռացնելու մասին:
Վաչե Գաբրիելյանը նշել է նաև, որ ստուգումների արդյունքում հաջողվել է 0,5 մլրդ դրամ վերադարձնել պետբյուջե այն բանի շնորհիվ, որ դեղորայքի պետգնումների համար մրցույթը 2,5 մլրդ դրամ ընդհանուր գումարով անցկացվեց երկրորդ անգամ:
Սեպտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը խորհուրդակցություն անցկացրեց կառավարությունում պետգնումների հարցով:
Նախագահի վերահսկիչ ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեց հիմնական արդյունքներն ու եզրակացությունները ծառայության վերաբերյալ, որոնց համաձայն պետգնումների ընթացքում արձանագրվել են մի շարք երևույթներ, որոնք հակասում են օրենսդրության պահանջներին ու սկզբունքներին: Լիազոր մարմինները չեն կատարում պարտավորությունները լիարժեք կերպով, իսկ պատվիրատուները օգտվում են օրենսդրության մեջ առկա սողանցքերից, արդյունքում չի ապահովվում պետգնումների մրցունակությունը, թափանցիկությունն ու արդյունավետությունը:
Նախագահը նաև խիստ դժգոհություն հայտնեց պատասխանատու անձանց աշխատանքից՝ հիշեցնելով, որ պետգնումների գործընթացը ժամանակին ապակենտրոնացվեց հենց կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Նախարարը հանձնարարեց հանդիպման մասնակիցներին խորհրդակցություններ անցկացնել իրենց ղեկավարած գերատեսչություններում և հստակ բացատրել, որ նման խախտումների դեպքում հեռացումն աշխատանքից կամ նկատողությունը բավարար չեն լինի:
Խնդրահարույց ոլորտների թվում նախագահը նշեց շինարարությունը, տրանսպորտն ու կապը, պաշտպանությունը, առողջապահությունը, մասնավորապես, դեղորայքի շուկան:
Վարչապետը հավաստիացրեց նախագահին, որ արծարծված հարցերը մանրակրկիտ ձևով կքննարկվեն կառավարությունում, իսկ նախագահին կներկայացվի խնդիրների լուծման ժամանակացույցը: