20 սեպտեմբերի 2012 - 13:47 AMT
«ՀԿԵ» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-օգոստոսին աճել է 11,3%

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 2266,4հազար տոննա, ինչը 11,3% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 305,2 հազար տոննա, ինչը 11,1% գերազանցում է 2011 թվականի հունվար-օգոստոսամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 884,7 հազար տոննա բեռ, ինչը 5,7%-ով գերազանցում է 2011թ. հունվար-օգոստոսի ցուցանիշը:

Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 1076,5 հազար տոննա, ինչը 16,4%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-օգոստոսի ցուցանիշը: Հարկ է նշել, որ 5%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-օգոստոսին այս ցուցանիշը կազմել է 1437 տոննա՝ 2011 թ. նույնժամանակահատվածում գրանցված 1368 տոննայի դիմաց:

Նշենք նաև, որ միայն 2012 թվականի օգոստոսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 19,2%-ով: Մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 380,1 հազ.տոննա բեռ, որից 169,2 հազ. տոննան՝ ներմուծման, 49 հազ. տոննան՝ արտահանման և 161,9 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում:

Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներըվկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը: