20 սեպտեմբերի 2012 - 15:59 AMT
«Զվարթնոցը» կրկին կասեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դեռևս սեպտեմբերի 19-ի երեկոյան կրկին կասեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը կուտակված պարտքերի պատճառով: Այնուամենայնիվ, ազգային ավիափոխադրողին թույլատրվել է իրականացնել թռիչքները ուղևորներին անհանգստություն չպատճառելու համար: Սակայն սեպտեմբերի 20-ի առավոտից օդանավակայանը չի սպասարկում «Արմավիայի» չվերթները:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել օդանավակայանի մամլո ծառայությունում, «Արմավիա» ընկերությունը կրկին պարտքեր է կուտակել: «Մենք լավատեսորեն ենք տրամադրված և լավ նորությունների ենք սպասում ավիաընկերությունից»,-ասել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ օդանավակայանը դադարեցնում է ավիաընկերության չվերթների սպասարկումը պարտքերի պատճառով:

Ըստ նրա, «Արմավիան» զգալիորեն գերազանցել է նախատեսված պարտքի սահմանաչափը սեպտեմբերի սկզբին, այդ պատճառով էլ դադարեցվել է չվերթների սպասարկումը: