20 սեպտեմբերի 2012 - 16:42 AMT
Հայ Առաքելական Եկեղեցին դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումն ու տարածումը

Երեկ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունեցել Մայր Աթոռի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ: Ժողովի ընթացքում քննարկվել են Մայր Աթոռի միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Անդրադառնալով վերջին օրերին միջազգային հանրության կյանքն ալեկոծած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին` խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ.

«Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին խստորեն դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումն ու տարածումը, որն առիթ տվեց մի շարք երկրներում կրոնական անհանդուրժողականության ցավալի դրսևորումների ու բռնարարքների, որոնց հետևանքով եղան մարդկային զոհեր: Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երևույթները, որոնք չեն նպաստում ժողովուրդների կյանքում միջկրոնական հանդուրժողականության և խաղաղ ու համերաշխ համակեցության մթնոլորտի ձևավորմանը: Կրոնն ու հավատը երբեք չպետք է դարձվեն բռնության գործիք, «որովհետև Աստուած խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության՚ (Ա Կոր.14:3)»: