20 սեպտեմբերի 2012 - 17:47 AMT
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը Հայաստանում է

Այսօր Հայաստան է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա Մայր Տաճարում կատարվեց միասնական գոհաբանական աղոթք:

Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի աշխատանքներին համատեղ մասնակցության համար` կարևորելով Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը և մարդկային կյանքում նման ոճիրների կանխարգելմանն ուղղված ջանքերը, որպեսզի լուծում գտնի մեր ժողովրդի արդար դատը, որ հարյուրամյակ շարունակ յուրաքանչյուր հայորդու պայքարն է դարձել:

Գարեգին Բ Կաթողիկոսը նաև ցավով անդրադարձավ Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին շնորհված ներման իրողությանը, ինչպես նաև Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններին, որոնց զոհ են դառնում բազմաթիվ անմեղ քաղաքացիներ: