12 մարտի 2005 - 07:42 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հետ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները մշտապես ներառել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի ղեկավարը նաեւ գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը շարունակելու են ղեկավարել երկու երկրների վարչապետները: Իր հերթին Զուրաբ Նողաիդելին տեղեկացրել է, որ արդեն համաձայնություն է ձեռք բերվել հանձնաժողովի հերթական նիստն առաջիկա ամիսներին անցկացնելու շուրջ: Հանդիպմանը քննարկվել են մասնավորապես էներգետիկայի եւ բեռնափոխադրումների ոլորտներին, նաեւ` սահմանամերձ շրջաններում առեւտրի կազմակերպմանն առնչվող խնդիրներ: Ռոբերտ Քոչարյանը եւ Զուրաբ Նողաիդելին քննարկել են տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման հարցերը եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարները: