20 սեպտեմբերի 2012 - 22:07 AMT
Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը հավակնելու է «Օսկարի» ` «օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում

Ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը հավակնելու է Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակին` «օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս մասին «Իզվեստիային» է հաղորդել Օսկարի ռուսական կոմիտեի նախագահ Վլադիմիր Մենշովը:

«Սպիտակ վագրը» Կարեն Շահնազարովի ամենազանգվածային ֆիլմն է: Այն նկարահանվել է Իլյա Բոյաշովի «Տաքսիստ» պատմվածքի մոտիվներով: Ֆիլմը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձություններին:

Քվերակության արդյունքում Շահնազարովի ֆիլմն արժանացել է ձայների մեծամասնությանը: Քվեարկության արդյունքները պաշտոնապես պետք է հայտարարվեն վաղը:

Թեկնածու-ֆիլմ էր համարվում նաև Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստը», որը նախորդ տարվա սեպտեմբերին նվաճել էր Վենետիկյան կինոփառատոնի «Ոսկե առյուծը»:

«Օսկար» մրցանակի 24 կատեգորիաների թեկնածուները կհայտարարվեն 2013թ հունվարի 10-ին: Ամերիկյան կինոարվեսների ակադեմիայի մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ փետրվարի 24-ին: