12 մարտի 2005 - 09:14 AMT
ՀՀ-ՈՒՄ ԿՈՒԲԱՅԻ ԴԵՍՊԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԿՈՒԲԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ
Կուբան մտադիր է ակտիվացնել Հայաստանում կարծիքների փոխանակումը տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության, երկու երկրների միջեւ իրավաբանական եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կուբայի դեսպանը Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Ուզբեկստանում (նստավայրը Մոսկվա) Խորխե Մարտինեսը` ավելացնելով, որ իրենց կողմը պատրաստ է նաեւ անցկացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, կան մեծ հեռանկարներ կրթության ոլորտում համագործակցության համար: «Ներկայումս երկու ուսանողուհիներ Հայաստանից ուսանում են Կուբայի պետական համալսարանում, իսկ մեկ կուբացի սովորում է Հայաստանում»,-տեղեկացրել է դեսպանը: Նաեւ դիտարկվում է համագործակցության մեծ ներուժ առողջապահության, մասնավորապես, բիոտեխնիկայի եւ գենետիկ ինժեներիայի, քաղցկեղային հիվանդությունների գծով մասնագետների փոխանակման ոլորտում: Տնտեսական ոլորտում Խորխե Մարտինեսը չի բացառել Հայաստան սիգարներ եւ ռոմ, իսկ Կուբա` հայկական կոնյակ արտահանելու հնարավորությունը: Դեսպանը նաեւ հանդես է եկել զբոսաշրջության ոլորտում փոխադարձ ներդրումների օգտին: Մարտինեսը տեղեկացրել է, որ համապատասխան հարցեր կշոշափվեն Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի հետ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ: Հայաստանում, դեսպանի խոսքերով, նախատեսվում է նաեւ Կուբայի մշակույթի օրերի անցկացում, նախապատրաստական հարցերը կքննարկվեն ընթացիկ տարվա մայիսին Կուբայի եւ Հայաստանի գործընկերության կազմակերպության ներկայացուցիչների այցի ընթացքում: