25 սեպտեմբերի 2012 - 10:21 AMT
«168 ժամ». ՀՀՇ վարչության անդամ. Ավելի լավ է շան հաչոց մեկնաբանեմ, քան` Ադիբեկյանի ասածները

«Ավելի լավ է շան հաչոց մեկնաբանեմ, քան` Ահարոն Ադիբեկյանի ասածները: Ինչ վերաբերում է ընդդիմության միասնական թեկնածուին՝ անձամբ ես գիտեմ, որ այսօրվա դրությամբ կոնկրետություն դեռ ոչ մեկը չի մտցրել: Կարծում եմ, որ այդ գործում Գագիկ Ծառուկյանի թեկնածությունն ընդհանրապես անընդունելի է»,- երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը՝ արձագանքելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կողմից հրապարակված երեկվա հարցումների արդյունքների վերաբերյալ թերթի հարցին:

Թերթը հիշեցնում է, որ Ադիբեկյանը երեկ հրապարակել է նախագահական ընտրությունների թեկնածուների վերաբերյալ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումները, որոնց համաձայն' հարցվածների 32.4 տոկոսը ընդդիմության միասնական թեկնածու է համարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, գրեթե 11 տոկոսը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 8.7 տոկոսը՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4 տոկոսը՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, 3.4 տոկոսը՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին, իսկ 2.5 տոկոսը՝ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանին: