25 սեպտեմբերի 2012 - 17:33 AMT
Կարող է ապացուցվել «Մոնա Լիզայի» երկրորդ տարբերակի գոյությունը

Փորձագետների խումբը հայտարարում է, որ իրենց հաջողվել է ապացուցել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի երկրորդ տարբերակի գոյությունը: Այդ մասին այսօր հաղորդել է բրիտանական «Դեյլի մեյլ» թերթը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մոնա Լիզայի հիմնադրամը» մտադիր է հրապարակել նկարի իսկական լինելու ապացույցները սեպտեմբերի 27-ին: Բրիտանական հրատարակության տվյալներով, խմբի մասնակիցներից մեկը, ով հայտարարել է դարակազմիկ բացահայտման մասին, անվանի ռուս շախմատիստ, աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովն է: Ինչպես հաղորդում է թերթը, հենց նա է Ժնևում կտավը ներկայացրել հանրությանը:

«Մոնա Լիզայի հիմնադրամը» մտադիր է ներկայացնել «պատմական, համեմատական և գիտական ապացույցներ» այն մասին, որ «Այզելուորտյան Մոնա Լիզա» անվանումով հայտնի նկարը պատկանում է դա Վինչիի վրձնին: Վարկածի համաձայն, այն նկարի առաջին տարբերակն է, որը նկարվել է Լեոնարդո դա Վինչիի կողմից: