25 սեպտեմբերի 2012 - 12:22 AMT
Պաշտպանության նախարարության մեքենան շրջվել է. 1 զինծառայող մահացել է, 9-ը՝ վիրավորվել

Սեպտեմբերի 24-ին ժամը 16.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արուճ -Նոր Ամանոս ավտոճանապարհին ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Գազ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով շարքային 19-ամյա Գոռ Գնելի Գալստյանը մահացել է, իսկ 9 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարությունից հայտնում են, որ ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենա» բժշկական կենտրոն: Շարքային 19-ամյա Գոռ Գնելի Գալստյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին, ժամը 00.20-ին գիտակցության չգալով մահացել է:

Շարքայիններ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Պերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ սերժանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է: Շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով ` մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը հոդվածով 25.09.2012թ-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: