25 սեպտեմբերի 2012 - 15:20 AMT
ՀՀԿ-ական պատգամավորը չի հավատում, որ ընդդիմությունը կարող է միավորվել

ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը չի հավատում, որ ընդդիմությունը կարող է միավորվել ու միասնական թեկնածուով հանդես գալ առաջիկա նախագահական ընտրություններում: «Ուսումնասիրելով Հայաստանի քաղաքական դաշտը, առանձին անձանց ու կուսակցությունների քաղաքական հավակնությունները, ես միասնական թեկնածու չեմ տեսնում»,-հայտարարել է նա մամլո ասուլիսում:

Նա հավելել է նաև, որ փետրվարյան ընտրություններում կլինեն ընդդիմադիր թեկնածուներ, սակայն ոչ միասնական: Ինչ վերաբերում է լրագրողների այն հարցին, թե կարող է արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դառնալ ընդդիմության միասնական թեկնածու, հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն առաջին հերթին պետք է հայտարարեն, որ ընդդիմություն են հանդիսանում:

Նա հիշեցրել է, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի հայտարարել, այլ հայտարարել է, որ ցանկանում է լինել այլընտրանքային քաղաքական ուժ: