25 սեպտեմբերի 2012 - 17:51 AMT
Թուրքիան «ակնդետ հետևում է» Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին օրենքի հնարավոր քննարկմանը

Թուրքիան «հետևում է» Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենքի հնարավոր կրկնակի քննարկմանը, ասել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը, հաղորդում է «Անադոլուն»: Նրա խոսքով, Փարիզում Թուրքիայի դեսպանատունն ուշադիր հետևում է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծն օրակարգում ընդգրկելու հարցի շուրջ իրադարձությունների զարգացմանը: Այսօրվա դրությամբ Թուրքիան տեղեկատվություն չի ստացել այդ հարցի կրկնակի քննարկման մասին:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին:

Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: