ՄԱԿ-ի շրջանակներից դուրս Սիրիայում տիրող իրավիճակին միջամտելու կոչերը չեն նախատեսում ուժի կիրառում`այդ երկրում իշխող ռեժիմը փոխելու համար, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին:
Նախօրեին Քաթարի էմիրը ՄԱԿ-ում առաջարկել էր արաբական պետություններին միջամտել սիրիական իրավիճակին, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողացել արդյունավետ դիրքորոշում մշակել` իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտությունը լուծելու համար:
«Շատ կարևոր է ՄԱԿ-ի ԱԽ-ի վստահությունը: Դա մարմին է, որն անմիջականորեն պատասխանատու է խաղաղության և անվտանգության համար: Հակառակ դեպքում կլինի քաոս, քանի որ այլ մարմին չկա»,-ասել է ԱՊԼ ղեկավարը:
Միևնույն ժամանակ Ալ-Արաբին ափսոսանք է հայտնել, որ ԱԽ-ի որոշ բանաձևեր ընդունվում, սակայն չեն իրագործվում, իսկ մյուսները պարզապես արգելափակվում են: